Ապրելու և մեր գոյությունը պահպանելու հարցում մենք խոր թյուրիմացությունների մեջ ենք ու, առողջ դատողությունը մի կողմ թողած և ոչ իրատեսորեն, սավառնում ենք երկինքներում։
Այնինչ, մեր գլխին կախված մեծ վտանգը իրական է, և ամեն ինչ վճռող ուժային աշխարհում մենք, մեր իսկ անիմաստ ու աննպատակ իներցիոն բնույթի ջանքերով, հայտնվել ենք պատային վիճակում։
Մեր դժբախտությունների ամենամեծ ու կարևոր պատճառը, թերևս, բոլոր մեծ ու փոքր հարցերում այն է, որ մենք, անգիտորեն, անգիտակցորեն կամ ենթագիտակցորեն, ղեկավարվում ենք միմիայն անձնական նկատառումներով, լինի դա անող որևէ կոնկրետ անձը հասարակ մարդ, թե ամենաբարձր իշխանավոր։
Այնինչ, նորմալ ու լիարժեք կյանքով ապրում են միայն այն ժողովուրդները, որոնք գիտակցորեն ու ենթագիտակցորեն ապրում են հասարակական կյանքով՝ միարժեքորեն հասկանալով, որ բոլորի և միասին լավ ապրելուց է բխում անձ մակարդակի լավ ապրելը և ոչ թե հակառակը։
Հակառակն էլ՝ համատարած էգոիզմն է, տոտալ անհամաձայնությունը բոլորը բոլորի հետ, փոխադարձ ագրեսիայի մթնոլորտը, նախանձը, ատելությունը, իրար տակ քանդելը, այսինքն, այն, ինչի հետ մենք շփվում ու տեսնում ենք ամեն օր։
Նման խուրդա կյանքով բացառվում է հասարակական կյանք ունենալը և, առավել ևս, որևէ տեսակի կայուն պետականություն կառուցելը։
Նման վտանգավոր իրավիճակը մեզ ստիպում է մեկ անգամ ևս փորձել հասկանալ, թե ի՞նչ է կատարվել մեզ հետ վերջին մոտ մի 250 տարում, երբ ռուսական ուժը, աստիճանաբար թափանցելով մեր տարածաշրջան, դարձավ մեր ճակատագիրը որոշող վճռական հանգամանք։
Մինչ այդ, մոտ մի 600-700 տարի գտնվելով թուրքացեղերի վայրագ ու արնախում իշխանության տակ, մենք, քիչ բացառություններով, կորցրել էինք ինքնուրույն ապրելու հատկությունները, քանի որ մեր կյանքի իմաստը հանգել էր սոսկ գոյություն պահպանելուն, մի ծանր ռեժիմ, որը բացառում է հասարակական մտածողության որևէ դրսևորում։
Միակ գործունեության ոլորտը, որում մենք ունեցել էինք առաջընթաց, տարանցիկ միջազգային առևտուրն էր, որը ձեռնտու էր տարածաշրջանային հզորներին և հովանավորվում էր նրանց կողմից։
Այս պայմաններում մեր ժողովրդի արևելյան հատվածի ռուսական գերիշխանության տակ անցնելը դարձավ մեզ համար բախտորոշ, և, առաջին անգամը լինելով, մենք ունեցանք կյանքի ապահովություն, որն էլ աստիճանաբար դարձավ մեզ համար ինքնըստինքյան հասկանալի ու սովորական մի բան։
Նման ապահովության ռեժիմում մենք ապրեցինք մինչև ԽՍՀՄ-ի փլուզումը, բացառությամբ մի կարճ ժամանակահատվածի, որը Ռուսաստանում կայսերական իշխանությունից խորհրդային իշխանության անցման շրջանն էր, որում էլ մենք ունեցանք կյանքի ծայրահեղ անապահովության մի դաժան ժամանակահատված։
ԽՍՀՄ-ի փլուզումով մենք, ստանալով, ոչ թե նվաճելով անկախություն, հայտնվեցինք նոր պայմաններում, որտեղ ռուսները իներցիայով մի 20-25 տարի շարունակեցին իրենց հովանավորությունը մեր նկատմամբ, քանի որ նույն իներցիայով նրանք թուրքերին շարունակում էին նայել հին թշնամական տեսանկյունից։
Բայց աշխարհը փոխվում է շատ արագ, և նոր Ռուսաստանն էլ, չունենալով ԽՍՀՄ-ի աշխարհակալ հզորությունը և փորձելով ոտքի կանգնել ու դրանով իսկ հանդիպելով Արևմուտքի աճող ճնշմանը, կանգնեց իր քաղաքականությունը փոխելու անհրաժեշտության առաջ։
Նման փոփոխության հետ առնչված առաջին քայլերից մեկը կապված էր ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի կողմից եկող վտանգի հետ, որի կոմպենսացումն էլ դարձավ Ռուսաստանի արտաքին քաղաքականության հիմնական գծերից մեկը, անկախ նրանից, որ առ այսօր թուրքերն ունեն անսքող ագրեսիվ պահվածք ռուսների նկատմամբ։
Նման իրավիճակում, մանավանդ մեր անմիտ ու աննպատակ ոչ պետական մտածողության պայմաններում, ռուսների պետական շահի տեսանկյունից անխուսափելի էր նրանց արտաքին քաղաքականության ոլորտում շեշտադրումների փոփոխությունը՝ կապված մեր և թուրքերի հետ, որի արդյունքներն էլ իրենց երկար սպասել չտվեցին։
Պետական մտածողությունը, որը երբեք մեր ուժեղ կողմերից չի եղել, այսօր էլ դավաճանում է մեզ, և այն միտքը, որ «անճարը կերել է բանջարը», համառորեն չի հասնում մեր գիտակցությանը, որը մոտավորապես համարժեք է «ապրե՞լն է լավ, թե՞ չապրելը» մտքին։
Այնուամենայնիվ, մենք պետք է կարողանանաք մեր մեջ ուժ գտնել ու պատասխանել այն պարզ հարցին, որ եթե ռուսները վատն են եղել մեզ համար, ապա ո՞վ է նրանցից ավելի լավը եղել մեր՝ ինչ-որ կերպ մինչև այսօր պատմական ասպարեզից հեռացած չլինելու հարցում։
Վառվռուն ու անմիտ հայրենասերներն ու սիստեմային մտածողություն չունեցողները կարող են չպատասխանել այս հարցին։
Պավել Բարսեղյան